ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Կա նաև ինչ-որ անհասկանալի, անըմբռնելի, լուսավոր տխրություն»

«Կա նաև ինչ-որ անհասկանալի, անըմբռնելի, լուսավոր տխրություն»
17.04.2015 | 12:15

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում 2014-ի դեկտեմբերին` Ամանորի նախօրեին, բեմ բարձրացավ Նարինե Մալյանի «Սիրելի Պամելա» ներկայացումը` կարճ ժամանակում գրավելով հանդիսատեսի ուշադրությունը: Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ-2015» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ այն ճանաչվեց «Տարվա լավագույն ներկայացում»: «Լավագույն սցենոգրաֆիան» շնորհվեց Անդրանիկ Հարությունյանին` «Սիրելի Պամելա» ներկայացման ձևավորման համար:
«Սիրելի Պամելան» բեմադրվել է ըստ Ջոն Պատրիկի համանուն պիեսի: Դերերում` Քրիստինա Հովակիմյան, Սամվել Թոփալյան, Աստղիկ Աբաջյան, Հայկ Սարգսյան, Կարեն Խաչատրյան, Արա Սարգսյան, Լևոն Ղազարյան:
Անորոշ տարիքի Պամելան ապրում է անհասկանալի մի վայրում: Դժվար է ասել` աղբանո՞ց է, նկո՞ւղ, թե՞ քարուքանդ տնակ: Մի բան պարզ է՝ այստեղ ամեն ինչ աղբից է հանված-պատրաստված: Պամելան սրտաբաց է և հյուրասեր, վկան` պարանին չորացող, բազմիցս օգտագործված թեյի տոպրակները: Աղբանոցում ապրելու տեղ կա բոլորի համար: Աղբի հոտին սովոր, պճնանքին, բարեկարգությանն անտարբեր հերոսուհին ամենևին էլ անտարբեր չէ թանկարժեք օծանելիքի նկատմամբ: Տնակ ներխուժած, իբր օծանելիք ներմուծող խաբեբաները ամեն ինչ «տակնուվրա» էին անելու: Քանդվելու ենթակա նկուղը վերածվելու էր բարեկարգ տնակի, խաբեբաները` հեքիաթի բարի հերոսների: Մի պատճառով` Պամելան հավատում էր, որ նրանք բարի են: Իրադարձությունները նույնքան համոզիչ են, սրտաշարժ, որքան Պամելայի` Աստծուն ուղարկած բացիկները: Նրբաճաշակ դրամա` կոմեդիայի տարրերով, որ ժամանակ առ ժամանակ հիշեցնում է. «Ապրիր և թույլ տուր, որ մյուսներն էլ ապրեն»:

«ՊԱՄԵԼԱՅԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՐԻՔԸ ՄԵՆՔ ՇԱՏ ՈՒՆԵՆՔ»
Ինչո՞վ էր պայմանավորված ներկայացման ընտրությունը: Այսպիսին էր մեր առաջին հարցը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ ՆԱՐԻՆԵ ՄԱԼՅԱՆԻՆ:
-Եթե պիեսը հոգեհարազատ է, մոտ է իմ այդ պահի, այդ շրջանի մտածումներին, զգում եմ, թե ինչ ոճով պետք է բեմադրվի, սկսում եմ աշխատանքս,- ասաց Նարինե Մալյանը:- Այս պիեսի գլխավոր կերպարի` Պամելայի նման մարդկանց կարիքը մենք շատ ունենք: Առանձնապես ջանք չգործադրելով, սեփական օրինակով նա կարող է վերափոխել բազմաթիվ մարդկանց:
-Ինչո՞ւ ամանորյա հեքիաթ մեծահասակների համար, մի՞թե իրականությունը նույնքան լուսավոր չի կարող լինել, եթե բարությունը գերիշխի:
-Պարզապես ներկայացման գործողությունները ծավալվում են Ծննդյան գիշերի, Ամանորի նախօրեին: Տրամադրությունն ինքնին այդպիսին է: Կա նաև ինչ-որ անհասկանալի, անըմբռնելի, լուսավոր տխրություն:
-Ներկայացումը դիտելիս տպավորությունն այն է, որ իրադարձությունները նույնությամբ կարող են զարգանալ աշխարհի ցանկացած երկրում և ցանկացած ժամանակաշրջանում:
-Դա արդեն կախված է բեմադրիչի աշխատանքից, դերասանական կազմից, որ նա ընտրել է, տրամադրությունից, որ կարողացել է փոխանցել: Անկենդան, թեկուզ և շատ հանճարեղ ստեղծագործությանը բեմադրիչը շունչ է տալիս արդեն բեմում:

-Բուն պիեսից հեռացե՞լ եք:
-Բուն պիեսից հեռացել եմ, թերևս: Վերցրել եմ Գրիգորի Գորինի թարգմանած տարբերակը, որն ինձ ավելի հոգեհարազատ է: Գորինի մոտեցման մեջ կա թատրոն, կենցաղային հարցեր չեն շոշափվում, իսկ եթե անգամ շոշափվում են, ապա տրվում է որոշակի ոճականություն, որ մոտ է մեր թատրոնի տեսակին:
-Արկածախնդիր խաբեբաները, կարելի է ասել, Պամելայի տուն են ներխուժում փողոցից, ու նրանց հյուսած խաբեությունների կծիկը, նիստուկացը ներկայացնելու համար, պարզվում է, ամենևին կարիք չկա գռեհիկ, էժան հումորի:
-Այստեղ բավականին գռեհիկ արտահայտություններ կան, որովհետև անպայման պետք է տարբերություն լիներ Պամելայի և արկածախնդիր եռյակի միջև: Ժարգոնի գործածություն էր անհրաժեշտ: Իսկ հայերենում մի քիչ դժվար է նուրբ ձևով ժարգոնը մատուցել, բայց, կարծում եմ, ստացվել է: Եթե գռեհկություն չեք նկատել, ուրեմն հաստատ մենք լավ ենք աշխատել:
-Երեք ժամ տևող ներկայացումը մեր օրերի համար համարձակություն չէ՞:
-Ասեմ, որ երբևիցե մեր թատրոնում չի եղել նման տևողությամբ ներկայացում: Այդ մտահոգությունը կար, մանավանդ այսօրվա հանդիսատեսը մի քիչ «կլիպային» մտածողություն ունի, ուզում է, որ գործողություններն արագ զարգանան, դադարներ չլինեն, խոսք լսել էլ առանձնապես չի սիրում: Իսկ այստեղ տեքստային մասը բավական հագեցած է, պետք է մտածել ձև, եղանակ, «հնարքներ», որպեսզի չձանձրացնես հանդիսատեսին: Ասում են` ամերիկյան հանդիսատեսն է այդպիսին, պետք է ամեն վայրկյան երեխայի պես զբաղեցնես: Փորձել եմ այդ կերպ աշխատել:
-Ի՞նչ տվեց Ձեզ և Մալյանի անվան թատրոնին «Տարվա լավագույն ներկայացում» մրցանակը:
-Անկեղծ ասած` լավ զգացի, որ մեր աշխատանքը գնահատվեց, բոլորս միասին բեմ բարձրացանք, զգացի մերոնց ուրախությունը: Օրինակ, գլխավոր դերակատարուհու` Քրիստինայի համար սա առաջին մեծ դերն էր թատրոնում: «Տարվա լավագույն ներկայացում» մրցանակը նշանակում է, որ ներկայացման շղթայի բոլոր օղակները ճիշտ են աշխատել:

-Լավագույն ներկայացումը ենթադրում է, որ լավագույնն են նաև դերասաննե՞րը, ռեժիսուրա՞ն և այլն:
-Իհարկե: Ենթադրությունը դնում ենք մի կողմ և ուրախանում, որ ստացել ենք լավագույն ներկայացման համար մրցանակ: Կարող է և չստանայինք: Չնայած ես մրցանակների հանդեպ մի քիչ այլ վերաբերմունք ունեմ: Կարծում եմ, որ մենք պետք է գլուխներս կախ աշխատենք, ազնվորեն ստեղծագործենք:
-Մրցանակը թատերական գործիչների միությունն է շնորհում: Չե՞ք կարծում, որ միությունը պետք է շահագրգիռ լինի, որպեսզի այն ներկայացվի Հայաստանից դուրս, փառատոների շրջանակում և այլն:
-Կփորձենք, որ մեր «Սիրելի Պամելան» դուրս գա միջազգային ասպարեզ, բայց մինչ այդ թող մեր հանդիսատեսը վայելի ներկայացումը: Առայժմ պետք է շունչ քաշենք: Այս տարի լրանում է Հենրիկ Մալյանի 90 և նրա ստեղծած թատրոնի 35-ամյակը: Այնպես որ, տարին հագեցած է լինելու: Պատրաստվել է պետք: Հետո արդեն` ինչպես Աստված կամենա:

«ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»
ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ տարվա լավագույն ներկայացման մեջ մարմնավորում է «թատրոնի մարդուն», ով հուշարար է, թատերական խմբի ղեկավար և այլն: Այդպիսի կերպար չի մարմնավորել երբևէ: Երբ Նարինե Մալյանն առաջարկել է, անմիջապես համաձայնել է: Ասում է, որ աշխատանքի ծավալը կարևոր չէր իր համար, շատ ավելի կարևոր էր ստեղծագործական խնդիրը, որ պետք է լուծեր: Իսկ խնդիրն ինքնին բարդ է. նախ հակասական կերպար պիտի մարմնավորեր, որը նաև հակասական էր իր սեռական կողմնորոշմամբ: Բայց այդ ամենը պետք է արվեր զուսպ, շեշտը չպետք է դրվեր կողմնորոշման վրա` դարձնելով այն խաղաթուղթ: Պետք է ասել, որ թատրոնի մարդու երկնագույն, ներկած աչքերն ու նեղ տրիկոն ընդամենը գունավորում էին կերպարը, բայց ամենևին էլ ամենաէականը չէին:
-Խնդիրը ճիշտ է լուծվել ու դա մղվել է երկրորդ պլան,- պարզաբանեց դերասանը։- Դա էր դժվարը, նաև այն, որ թատրոնի մարդն անընդհատ մասնակցություն ունի պրոցեսի մեջ, հայտնվում է բեմում, միջամտում, խառնվում, օգնում, մտնում խնդրի մեջ, նաև փորձում լուծել, ինչպես թատրոնի լավ մարդիկ:

-Տպավորություն ունեմ, որ բոլոր հերոսները դրական էին` արկածախնդիր խաբեբաներից մինչև կասկածելի սեռական կողմնորոշում ունեցող թատերագետը:
-Ոչ, «խաբեբաները» քավարան անցան: Նրանք մարդիկ էին, որ ունեին գոյատևելու խնդիր: Եվ գոյատևում էին խաբեությամբ: Բայց հանդիպումը Պամելայի հետ շրջադարձային էր: Նրանք վերանայեցին իրենց կյանքը:
-Այլ կերպ ասած` հանդիպում բարության հետ: Կարծում եք՝ անիրակա՞ն է Պամելայի բարությունը:
-Ամենևին էլ անիրական չէ: Բնության մի երևույթը, թանգարանում կախված մի նկարը կարող են փոխել մարդու կյանքը: Ես տեսել եմ, թե ինչպես Փարիզում, «Ջոկոնդայի» առաջ մի չինացի արտասվում էր: Համոզված եմ, որ «Ջոկոնդան» այդ մարդու մեջ մեծ բան փոխեց, երբ տուն դառնա, ուրիշ կերպ կապրի: Դրանում է նաև «Սիրելի Պամելայի» առանձնահատկությունը. նա կարող է վերափոխել մարդու կյանքը: Ամեն օր, ամենուր` տանը, աշխատանքի վայրում, փողոցում խոսում ենք, լսում մեր կյանքում առկա խնդիրների մասին, բայց երբ թատրոն ես գնում, ուզում ես նույն խնդիրը տեսնել այլ տեսանկյունից, հնարավորություն, ելք ես ուզում տեսնել: Պամելան տալիս է այդ հնարավորությունը, էլի մեկ հնարավորություն: Մեր հասարակությունն ունի շատ խնդիրներ: Ամենամեծ խնդիրներից մեկը բարության դեֆիցիտն է, որովհետև բարին գնալով տարածքները փոքրացնում է, չարը` ընդլայնում: Ասում են` բարին, գեղեցիկը կփրկի աշխարհը: Մենք այն եզրագծին ենք, որ, նախ պետք է փրկել բարին ու գեղեցիկը: Բարությունն օգնության կարիք ունի: Նրան հենակետեր են պետք:

-Պարզվում է, միանգամայն մաքուր հայերենով կարելի է միաժամանակ և՛ ծիծաղեցնել հանդիսատեսին, և՛ հուզել, նույնիսկ ինչ-որ բան սովորեցնել: Ըստ Ձեզ` ինչպե՞ս է լուծվել այս խնդիրը:
-Կյանքի այսպիսի իրավիճակ գեղեցիկ հայերենով ներկայացնելը, իհարկե, շատ դժվար է, կարծես պահանջվում է հայհոյանք, ցածր խավին հատուկ բառապաշար: Մի քիչ կեղտ պետք է լինի, որովհետև կեղտի մեջ են կերպարները: Բայց ներկայացման հաջողության գրավականներից մեկը դա է. գեղեցիկ գրական հայերենով կարելի է խոսել այդ թեմայի, այդ մարդկանց մասին: Նրանք դրա շնորհիվ են հմայիչ: Կյանքի հատակում հայտնված մարդը, խաբեբան դառնում է սիրված կերպար, որովհետև իրեն գեղեցիկ ձևով են ներկայացրել: Բարությամբ է խոսվել թեմայի մասին: Կարելի էր և չարությամբ խոսել:
-Ժամանակին համահո՞ւնչ ներկայացում է:
-Շատ տեղին, ժամանակին արված աշխատանք է և կարճ ժամանակում իր ուրույն տեղն է գրավել: Մարդիկ ուզում են երկրորդ, երրորդ անգամ նայել:
-Կարծում եմ` երկար կապրի:
-Եթե ասում եք` երկար կապրի, ուրեմն վատատես եք: Մի կողմից` լավ է, որ երկար կապրի, մյուս կողմից` տխրում ես, որ թեման չի կորցնի արդիականությունը, դեռևս շատ անտարբեր կլինենք, բարությունը դեռ երկար ժամանակ կհնչեցնի օգնության ազդանշանը:

-Մալյանի թատրոնի մասին ի՞նչ կասեք:
-Մալյանի թատրոնում սա իմ երրորդ դերակատարումն է: Ես այստեղ հեշտ եմ աշխատում և հաճույքով, որովհետև Համազգային ու Մալյան թատրոնները շատ ընդհանուր բաներ ունեն: Ի դեպ, շատ են համեմատում այս երկու թատրոնները:
-Օրերս արժանացել եք մշակույթի նախարարության «Ոսկե մեդալի»` թատերարվեստի ոլորտում ունեցած երկարատև ու անբասիր աշխատանքի համար: Ի՞նչ զգացողություն ունեք:
-Ես միշտ փորձել եմ պրոֆեսիոնալ լինել ստեղծագործական ու աշխատանքային պրոցեսներում: «Ոսկե մեդալից» հետո զգում եմ, որ պարտավորությունս կրկնապատկվել է: Այդ իմաստով` անհանգիստ է դարձել կյանքս: Պարգևի համար պարտական եմ Համազգային պետական թատրոնին, որին շուրջ 20 տարի ծառայում եմ, ինչպես նաև «Առասպել» դպրաթատրոնին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական և Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոններին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ